Շոու-բիզնես

«Եթե Աննան այդ քայլը չաներ, վախենամ՝ ես այդպես էլ չանեի». Արմեն Էլբակյան

Արմեն Էլբակյանը կարանտինային օրերն անցկացնում է այնպես, ինչպես բոլորը՝ պահպանելով անվտանգության կանոնները, սակայն առանց թատրոն այցելելու չի պատկերացնում իր օրը, ուստի առանց փորձերի, առանց հանդիսատեսի, միեւնույն է, թատրոնի նվիրյալն իր աշխատասենյակում է։ BRAVO.am-ն այս անգամ հետաքրքիր զրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն էլբակյանի հետ. դերասան-ռեժիսորը կոլորիտային դրվագներ է պատմել իր մանկությունից, ընտանեկան կյանքից եւ, իհարկե, թատերական աշխարհից:



«Երազում էի ֆուտբոլիստ դառնալ, բայց քայլեցի դեպի թատրոն»

Մեր ընտանիքում շատ էին բժիշկները՝ պապս, քեռիս, որն անվանի վիրաբույժ էր։ Տանը բոլոր ցանկանում էին եւ մտածում, որ ես նույնպես կընտրեմ բժշկի մասնագիտությունը։ Քեռիս հաճախ էր ասում, որ վիրաբույժի ձեռքեր ունեմ, բայց ես երազում էի դառնալ ֆուտբոլիստ։ Երբ փոքր հասակում ինձ Պատանի հանդիսատեսի թատրոն էին տանում, որտեղ աշխատում էր հայրս, ես ուշադիր նայում էի այդ ներկայացումները, իսկ երբ վերադառնում էի տուն, մի հին սնդուկ կար, բարձրանում էի վրան եւ սկսում կրկնօրինակել բոլոր դերերը։ Անգամ հիշում եմ՝ մի անգամ քեռիս ասաց, թե նյարդային համակարգս կխանգարվի, պետք չէ ինձ թատրոն տանել, եւ մինչեւ 8-րդ դասարան ինձ թատրոն մտնել չհաջողվեց…

Արմեն Էլբակյանը


Ներկայացման տոմսը

Դե, քանի որ ինձ արգելված էր թատրոն գնալ, բայց ցանկությունը մեծ էր, մի ելք գտա: Ավագ դասարանում Սունդուկյանի անվան թատրոնի տոմսեր էին վաճառում, ես էլ ցանկություն հայտնեցի գնել, բայց ինձ մերժեցին՝ ասելով, որ հայրս այնտեղ է աշխատում, այսպես թե այնպես կարող եմ դիտել, ի վերջո, հաջողվեց տոմս գնել, դիտեցի «Դատական գործ» ներկայացումը՝ Վարդան Աճեմյանի բեմադրությամբ։ Այսքան փառատոնների եմ մասնակցել, ներկայացումներ դիտել, բայց այս որակի ներկայացում չեմ տեսել։ Այն ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ եւ որոշեցի անպայման ռեժիսոր դառնալ:

Ֆուտբոլ՝ որդու հետ

Դեռ մանկուց սիրել եմ ֆուտբոլը: Արդեն անցել էի խաղալու տարիքից, բայց երբ տեսնում էի որդիս՝ էդգարն, ընկերների հետ խաղում է, միանում էի: Հիմա էլ սիրում եմ այս մարզաձեւը, այն նման է թատրոնին։ Տարբեր փոխհարաբերություններ կան ֆուտբոլում, նույնն էլ թատրոնում է. դերասանները միմյանց հետ շփվելիս պետք է որոշակի փոխանցումներ անեն… Էներգիան էլ պետք է փոխանցել միմյանց։ Այս փոխհարաբերությունները երկու տեղում էլ անհրաժեշտություն են:

Արմեն Էլբակյանը


Հոր պատմությունը

Երբ բանակից վերադարձա, դերասան էի Սունդուկյանի անվան թատրոնում, բայց ընկճված էի ինձ զգում. երեւի թատրոնները քիչ էին, երիտասարդներին տրված հնարավորությունները՝ եւս: Ցանկություն առաջացավ սովորել Բժշկական համալսարանում, հայրս շատ զարմացավ եւ մի պատմություն պատմեց։ Մեկ անգամ հայրս տխուր զբոսնելիս է լինում, երբ պատահաբար հանդիպում է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանին, ով հարցնում է, թե ինչու է այդքան տխուր, հայրս էլ անկեղծորեն պատասխանում է, որ ցանկանում է թողնել թատրոնն ու այլ մասնագիտություն ընտրել։ Հրաչյա Ներսիսյանը, լսելով հորս, ասում՝ «Ես ամեն առավոտ, երբ արթնանում եմ, որոշում եմ հեռանալ թատրոնից եւ ամեն օր գնում եմ թատրոն»։ Թատրոնից հեռանալը երբեմն անհնար է…

Դրսեւորվելու հարթակը

Երբ ցանկանում ես քո քաղաքացիական, բարոյական դիրքորոշումը հայտնել այս աշխարհում կատարվող երեւույթների վերաբերյալ, ապա թատրոնը դրսեւորվելու ամենից լավ ամբիոններից մեկն է։

Աննա եւ Արմեն Էլբակյանները


Աննան եւ Խորեն Աբրահամյանի մերժումը

Առաջին անգամ եմ խոսում այս մասին. քանի որ մեր հարաբերություններում նրբություններ կային, առաջինը՝ ես Աննայից տարիքով բավական մեծ եմ, ու բացի այդ, նա իմ ուսանողուհին էր, ինչի համար ամաչում էի եւ զսպում ինձ։ Մտածում էի՝ գեղեցիկ չի լինի, եթե նման քայլ անեմ, հետեւաբար, եթե Աննան առաջին քայլը չաներ, վախենամ՝ ես այդ քայլը չանեի: Բայց դրանից հետո, երբ մեր հարաբերությունները պետք է անցնեին նոր փուլ, մեր ծանոթությունից կարճ ժամանակ անց ես արդեն Աննայենց տանն էի եւ նրա ձեռքն էի խնդրում։ Ի դեպ, երբ արդեն հասկացա, որ մեր հարաբերությունները դրական ընթացք են ստանում, մոտեցա թատրոնի գեղարվեստական ղեկավար, ստուդիայի ղեկավար Խորեն Աբրահայանին եւ ասացի, որ պատրաստվում եմ դուրս գալ ստուդիայից, քանի որ լավ չէ, որ դասախոսն ամուսնանում է ուսանողուհու հետ: Մերժում ստացա, եւ այդպես մի քանի անգամ (ծիծաղում է,-հեղ.

Պատասխաններ գտնելու համար

«Թռիչք կկվի բնի վրայով»՝ այս ներկայացումը մի մեծ ուղերձ է մեր հանդիսատեսին, թե ինչպես է անհատն ընդվզում հիվանդ իրականության դեմ եւ, զոհելով ինքն իրեն, փորձում փրկել եւ ապրելու հույս ներշնչել բոլոր նրանց, ովքեր մոլորվել են կամ ինքնամփոփվել իրենց մեջ եւ փորձում են փախուստ գործել իրականությունից: Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարեւորն ու անհրաժեշտը, ինչն իրեն անհանգստացնում է, գուցե նաեւ այն հարցերի պատասխանները, թե ինչու ենք ապրում, որն է նպատակը, ինչ պետք է անի մարդը, որպեսզի ազատագրվի իր շուրջ տիրող քաոսից:

Արմեն Էլբակյանը


Հեռուստատեսային ներկայացում

Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ մենք նույնպես փորձեցինք առցանց տիրույթում լինել, աշխատել, բայց, որպես այդպիսին, թատրոնի հիմքում մարդն է՝ իր հույզերով, ապրումներով, ասեմ՝ թանգարաններն էլ ամբողջությամբ չեն կարող տեղափոխվել, չէ՞որ մարդ պետք է մոտիկից նայի կտավը, ցուցանմուշը՝ այն խորությամբ հասկանալու եւ վայելելու համար։ Հիմա փորձում ենք հեռուստատեսային ներկայացում բեմադրել՝ «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» պիեսի հիման վրա։ Իհարկե, հույս ունենք, որ վարակը շուտ կնահանջի, եւ դերասանները կներկայանան դահլիճում՝ հանդիսատեսի առաջ, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, ապա կցուցադրվի հեռուստատեսային տարբերակը։

Հոր խորհուրդը, որ փորձում է փոխանցել

Այս խորհուրդը ես ժառանգել եմ հորիցս եւ միշտ կիսվում եմ երիտասարդ սերնդի հետ՝ փողի ու փառքի հետեւից մի ընկիր, գլուխդ կախ աշխատիր, փողն ու փառքը կընկնեն քո հետեւից, բայց երբ հասնես փառքին, պիտի կարողանաս դիմանալ ու չկորցնել համեստությունդ։

Կարդացեք նաեվ

«Աստված հետդ, ախպերս». Վաչե Թովմասյանի եղբայրն Արցախ է մեկնել

Gayane Abovyan

Անահիտ Սիմոնյանի հետ ծնունդը Լաստիվերում նշելուց հետո, տեսեք՝ Հայկոն ուր է տարել որդուն (լուսանկարներ)

Gayane Abovyan

Հրուշ Մնոյանը ցույց է տվել, թե ինչպես են որդիներն այսօր դասի գնացել (լուսանկարներ)

Gayane Abovyan

«Երկուսիս ամուսիններն էլ Արցախում են… աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, եւ մեր բոլոր տղաները հետ տուն գան». Սիրուշո

Gayane Abovyan

Նառան` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և իրենց կրած վնասի մասին

Gayane Abovyan

Լիլի Մորտոյի դեկոլտեն անքան խորը բացվածք ունի, որ այլևս ոչինչ չի երևում

Gayane Abovyan