Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի դատապարտել է Թուրքիայի`Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու որոշումը, գրում է Reuters գործակալությունը։
Պոնտիֆիկոսը հայտնել է, որ «չափազանց վշտացած» է այդ կապակցությամբ։
«Իմ մտքերը Ստամբուլի հետ են։ Մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին և չափազանց վշտացած եմ», – ասել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում՝ իր ամենշաբաթյա օրհնության ժամանակ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) նախորդ շաբաթ չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: