Հասարակություն

Պատերազմն ու ՀՀ-ՌԴ հարաբերությունների նոր հորիզոնները

Սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը արմատական փոփոխությունների է ենթարկում ինչպես տարածաշրջանային իրողություններն ու ուժերի հարաբերակցությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և գործընկեր պետությունների միջև հարաբերությունների բովանդակությունը, մասնավորապես՝ որակական նոր մակարդակի բարձրացավ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը:

Թուրք-ադրբեջանական տանդեմի արկածախնդրությունն ըստ էության համապարփակ մարտահրավեր էր ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, այլև ընդհանրապես տարածաշրջանում կայունությանն ու ուժերի հավասարակշռությանը: Եթե պարզ ձևակերպենք, ապա միանշանակ էր, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատերազմական մղումը առավելապես հրահրվեց ու ուղղորդվեց Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների ծիրում:

Ինչ խոսք, լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումն ադրբեջանական կողմից հենված էր մի շարք բաղադրիչների վրա, որոնց շարքում էին նաև ալիևյան կլանի ներքին խնդիրները երկրի ներսում: Սակայն ակնհայտ էր, որ այստեղ որոշիչ դերակատարություն ունեցավ Թուրքիան, որը ձգտում է կովկասյան տարածաշրջանում հասնել եթե ոչ՝ ամբողջական որոշիչ գործոնի, ապա գոնե Ռուսաստանի հետ հավասար գործառույթներով վերահսկողի դերակատարության: Սակայն Էրդողան-Ալիև դուետի այս գերնպատակն ինքնին հենված էր մի շարք անհեռատես հաշվարկների վրա:

Միանշանակ է, որ տարածաշրջանային անվտանգության և ուժային կենտրոնների հավասարակշռության հարցերում հայ-ռուսական հարաբերություններում պարզապես չեն կարող գոյություն ունենալ խնդիրներ կամ կնճռոտ հարցեր, եթե անգամ դրանք կան, որոնք էական ազդեցություն կունենան կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական համընկնող շահերի պաշտպանության գործընթացի վրա: Մյուս կողմից՝ թուրքական կուրացիայով վարձկան ահաբեկչական խմբավորումների օգտագործումը Ադրբեջանի կողմից գործնականում ահաբեկչության և անկանխատեսելի վտանգներ է առաջ բերում ինչպես ողջ տարածաշրջանի, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի անմիջական պետական սահմանների համար:

Ակնհայտ է, որ այսօրինակ լայնամասշտաբ վտանգների առկայության պարագայում դրսևորվեցին և առանցքային նոր դերակատարություն ստացան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնց համար թերևս ցուցիչ են Երևան-Մոսկվա ինտենսիվ հաղորդակցությունն ու հեռախոսազանգերը երկու երկրների ղեկավարների մակարդակով: Վերոնշյալ հաղորդակցությունը, չափազանցություն չի լինի ասել, դառնում է այն պլատֆորմը, որի վրա կառուցվելու են հայ-ռուսական փոխգործակցության որակապես նոր մակարդակի առանցքային սկզբունքները:

Փաստն այն է, որ թուրքական ծավալապաշտության դեմ պայքարում Ռուսաստանի, կարելի է ասել, միակ վստահելի դաշնակիցը տարածաշրջանում մնում է Հայաստանը, ինչպես նաև փաստ է, որ Հայաստանի ամենահուսալի և գործուն դաշնակիցը տարածաշրջանային ագրեսորների դեմ Ռուսաստանի Դաշնությունն է: Սրանք իրողություններ են, որոնք առավել ցցուն դրսևորվեցին պատերազմական իրավիճակում, երբ հիմնավոր խմբագրման են ենթարկվում երկու երկրների ինչպես երկկողմ, այնպես էլ ընդհանրապես տարածաշրջանային արտաքին հարաբերությունները: Եվ պատահական չէր, որ հայաստանյան ամենաբարձր ղեկավարության կողմից գրեթե բառացի նշվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները փոխում են իրենց բովանդակությունը և բնույթը: Այստեղ կարևորագույն շեշտադրում է այն, որ խոսքը զուտ առկա պատերազմական իրավիճակի մասին չէ, այլ շատ ավելի լայն ընդգրկում ունի և առավելապես միտված է ապագային:

Անշուշտ, ինչպես հայկական ու ռուսական կողմին, այնպես էլ թերևս ամբողջ քաղաքակիրթ աշխարհին պարզ դարձավ, որ մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության երաշխավորման և թուրքական ագրեսիայի սանձահարման (Ադրբեջանը Էրդողանի ծավալապաշտական նկրտումներում ընդամենը գործիք է) ցանկություն և գործիքակազմ ունեն լոկ Ռուսաստանի Դաշնությունը և տարածաշրջանում վերջինիս հուսալի դաշնակից Հայաստանի Հանրապետությունը:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ օր առաջ լքեր Բաքուն․ Վահրամ Պողոսյան

Gayane Abovyan

ԱՌԱՎՈՏՅԱՆ Բացահայտվել է թե ինր սխալ է Գործել Ծառուկյանը Քոչարյանի Հանդեպ

Gayane Abovyan

ԿԱՐԵՒՈՐ. 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ… ՍՏՈՒԳԵՔ նշանները

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ

Gayane Abovyan

Ինչպես է կանխվել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում

Gayane Abovyan