Հասարակություն

Այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է. Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «BBC Newshour»-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝

-Ես գտնվում եմ Մոսկվայում՝ պլանավորված այցի շրջանակներում մեր ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի շատ հարցեր քննարկելու նպատակով: Սակայն մեր օրակարգում, իհարկե, գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք հասել ենք շատ կարևոր հայտարարության․ հաստատել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը: Կատարել այդ առաջին քայլը մարդասիրական նպատակներով և հետագայում ամրապնդել հրադադարի ռեժիմը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորման բնականոն գործընթացին:

-Բայց շաբաթ օրը հրադադար էր հայտարարվել, սակայն թվում է, թե այժմ այն շատ փխրուն է:

-Այո, այն շարունակում է մնալ շատ փխրուն և մեզ համար շատ մտահոգիչ, քանի որ այն, ինչին մենք ականատես ենք լինում, Արցախի բնակավայրերի, դիրքերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մաշտաբային հարձակումներն են: Եվ մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հունին, վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բնականոն աշխատանքը: Առաջին հերթին մենք պետք է կատարենք շատ կարևոր հումանիտար գործողություն, ինչպես և պայմանավորվել էինք շաբաթ օրը:

-Թույլ տվեք հարցնել հրադադարի խախտման մասին: Ադրբեջանական կողմի պաշտոնյաները պնդում են, որ յոթ մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ հայկական կողմը հրթիռակոծել է  Գյանջայի բնակելի թաղամասը: Արդյո՞ք դա ճիշտ է: 

Արցախի պաշտպանական ուժերն անում են հնարավորինը, որպեսզի պաշտպանեն իրենց, քանի որ շաբաթ առավոտվանից սկսած, և այս կապակցությամբ ես իրապես վրդովված եմ, ադրբեջանցիները շարունակաբար հարձակումներ են իրականացնում բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ:

Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը մինչև շաբաթ երեկոյան շատ ուշ գիշեր անընդմեջ հարձակման են ենթարկվել, ինչը շարունակվել է նաև կիրակի առավոտյան: Եվ կրկին մենք ունենք իրավիճակի այս փխրունությունը։ Ստեփանակերտը հայտնվել է շատ ծանր իրավիճակում. այդքան ավերածություններ, այդքան շատ զոհեր, այդքան շատ տեղահանված մարդիկ: Ենթակառուցվածքները, էներգամատակարարումը և ամեն ինչ այնքան վատ վիճակի են հասցվել, որ մարդիկ  հայտնվել են շատ ծանր իրավիճակում: Նույնը կարելի է ասել նաև մյուս քաղաքների և բնակավայրերի մասին։

-Թույլ տվեք հարցնել Արցախի կարգավիճակի մասին: Անցյալ շաբաթ այս անկլավի ինքնահռչակ կառավարությունը խնդրեց միջազգայնորեն ճանաչեն իրեն: Արդյո՞ք Հայաստանը սատարում է դա:

-Իհարկե, Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է, ռազմական ագրեսիայի միջոցով լուծման պարտադրման ընտրությունը։

-Ինչու՞ կամ չեք միացնում տարածքը, կամ ճանաչում նրա անկախությունը: Սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար: 

Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ:

-Բայց եթե Ձեր վարչապետն ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա միանգամայն պարզ է, որ դուք չեք ցանկանում ճանաչել նրա անկախությունը:

-Դա համատեքստից դուրս մի ներկայացրեք: Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում  է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու սեփական զարգացման գործում, և Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանը աջակից կլինի Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր: Հակամարտության համատեքստում նա միանգամայն, ուղղակիորեն և հետևողականորեն խոսում էր փոխզիջման մասին:

-Որքանո՞վ եք վստահ, որ կրակի դադարը, ինչպիսին որ այն կա ներկայումս, ինչ-որ կերպ պահպանվելու է:

Կարծում եմ, որ սա նաև մեր՝ Մոսկվայում ունեցած զրույցի կարևոր մասն է, և մենք շարունակելու ենք խոսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, որոնք մաս են կազմում այս միջնորդական ջանքերի: Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին: Այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից: Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կորցնում հույսը, և մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

Հերթական անգամ հակառակորդը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը ․ՊԲ

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ФСБ –ն խոշոր ահաբեկչություն է կանխել Վոլգոգրադում. մանրամասներ

Gayane Abovyan

Ինչո՞ւ են հրեա երեխաները դառնում հանճարներ. դաստիարակության 7 կանոն

Gayane Abovyan

Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Gayane Abovyan

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է. Գազ չի լինելու

Gayane Abovyan

Ժողովուրդը Մերժել է Սերժին և սպասում է իր պահանջի կատարմանը

Gayane Abovyan