Հասարակություն

Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս․ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և հատկապես իր մտահոգությունը հայտնել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անհանգստություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ և առանձնապես՝ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու առնչությամբ՝ հույս հայտնելով, որ կողմերը կհարգեն հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և կվերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ։

Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

«Պարոն նախագահ, ուրախ էի Ձեզ տեսնել այստեղ։ Բարձր եմ գնահատում թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Հայաստանի համար կարևոր հարցերի վերաբերյալ մեր ունեցած քննարկումները, -ողջունելով նախագահ Սարգսյանին՝ ասել է Յենս Ստոլտենբերգը։ -ՆԱՏՕ-ն և Հայաստանն ունեն երկար տարիների համագործակցություն, և ես շնորհակալ եմ այն ներդրման համար, որ Հայաստանն ունեցել է ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք Աֆղանստանում մեր առաքելությանը, և ես բարձր եմ գնահատում Հայաստանի հետևողական աջակցությունն Աֆղանստանում մեր առաքելությանը։

Մենք նաև Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետ կապված քննարկում ունեցանք: Ես հիշեցրի նախագահին, որ ՆԱՏՕ-ն այս հակամարտության մաս չի կազմում։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներ են ավելի քան 25 տարի։ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է հրադադարի շարունակվող խախտումներով, որոնք մարդկային կյանքեր են խլել։ ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության համար կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, դադարեն տառապանքներն, ու գտնվի խաղաղ կարգավորում։ Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերն այժմ զսպվածություն ցուցաբերեն, հետևեն հրադադարին և լարվածության թուլացմանը։

Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Բոլորը պետք է աշխատեն՝ հասնելու խնդրի կայուն քաղաքական լուծման։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակում են լինել կարևոր»։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է. «Ցանկանում եմ երկրորդել ՁԵր խոսքերը և նույնպես նշել, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության պատմություն ունեն, և այս բոլոր տարիներին Հայաստանը լավ գործընկեր է եղել։ Ինչպես նշեցիք, մենք մեր խաղաղապահներն ունենք Կոսովոյում և Աֆղանստանում, որոնք պայքարում են իսլամիստական ահաբեկչության դեմ։ Այստեղ եմ ոչ միայն հաստատելու, որ երկարամյա գործընկերությունն ունենք, այլև Ձեզ և Ձեր գործընկերների հետ խոսելու մի բանի մասին, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այլև կարևոր է ողջ տարածաշրջանի համար։

Համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Ուրախ ենք, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։ Գնահատում եմ բոլոր երեք համանախագահների և այս երեք երկրների նախագահների աշխատանքը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Լավրովի ջանքերը։ Սակայն, ցավոք, ո՛չ մոտ 10 օր առաջ և ո՛չ էլ նույնիսկ այսօր, երբ մեր արտաքին գործերի նախարարը Մոսկվայում էր, մենք դեռևս տեսնում ենք, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է։ Ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն ամբողջությամբ անընդունելի են։

Լինելով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ կցանկանայի այստեղ իմ մտահոգությունները հայտնել, որովհետև, ցավոք, շատ վերլուծաբաններ և նրանք, ովքեր մոտիկից են հետևում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հիմա, երբ այն վերսկսվել է որպես պատերազմ, ասում են, որ այն այլևս հակամարտություն չէ Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի միջև, այլ այնտեղ կա երրորդ կողմ, որը քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Այդ երրորդ կողմը ներգրավված է այդ գործողություններում։ Երրորդ կողմ, որն աջակցել և այս տարածաշրջան է բերել իսլամիստ ահաբեկիչների։ Եվ, ցավոք, այդ երրորդ կողմը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այստեղ լինելով՝ ես չէի կարող չխոսել այդ երրորդ կողմի մասին, որը Թուրքիան է։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ Թուրքիան, պետք է դադարի լինել այս հակամարտության մաս և հավատարիմ մնա հրադադարին, հասկանա, որ պետք է գտնվի խաղաղ լուծում։ Այդ դեպքում, կարծում եմ, հրադադար կհաստատվի, և դրանից հետո մենք կկարողանանք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի միջնորդությամբ, և, ի վերջո, կգտնենք հակամարտության խաղաղ լուծում։

Շնորհակալություն, պարոն գլխավոր քարտուղար։ Հույս ունեմ, որ հաջորդ անգամ կհանդիպենք ավելի խաղաղ իրավիճակում, հատկապես մեր տարածաշրջանում, որը կարևոր տարածք է Կովկասում և ամբողջ տարածաշրջանում»։

Կարդացեք նաեվ

«Նայի, նայի, ոնց են փախնում»․ ՊԲ հրետանավորների հերթական փայլուն գործողությունը

Gayane Abovyan

Երևանում և մի քանի մարզերում ժամեր շարունակ լույս չի լինի

Gayane Abovyan

Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ․ Արտակ Բեգլարյան

Gayane Abovyan

Խոցվել են հակառակորդի ևս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա, կա 75 զոհ

Gayane Abovyan

Ես սրանց տված թուլաբաժնով իմ տնից դուրս չեմ գա. Ֆիրդուսի բնակիչն ահազանգում է՝ տան պատը քանդում են

Gayane Abovyan

Հաճախ եք արտասվում. Ահա թե ինչպես են բնութագրում Ձեզ հոգեբանները

Gayane Abovyan