Հասարակություն

Հայ ժողովուրդը շնորհակալ է ՌԴ-ին՝ դժվարին օրերի աջակցության համար. ՀՀ նախագահը հանդիպել է Լավրովին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես  «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր խնդիրները նաև հոգեբանական են, ցավոք, նաև կա կորոնավիրուսը և շատ այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ևս դժվար է»։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարարին՝ առաջին հերթին՝ այն ամենի համար, ինչ նա անում է Հայաստանի, տարածաշրջանի համար այս բոլոր տարիներին։ Հայաստանի նախագահը խնդրել է իր և մեր ժողովրդի շնորհակալությունը փոխանցել ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար: «Կապ չունի, թե որտեղ են հայերը ապրում, նրանք գիտեն, որ եթե չլինեին Ձեր և Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերը, այսօր կշարունակեինք երիտասարդ կյանքեր կորցնել,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Պատերազմական գործողությունների առաջին օրերին գիտեինք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, անձամբ նախագահի բոլոր ջանքերն ուղղված էին դրանց դադարեցմանը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում»:

Հայաստանի նախագահն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։ «Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին,-նշել է նախագահը։ -Հայաստանի համար դա շատ կարևոր է, կենսական նշանակություն ունի։ Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին, միշտ հնարավոր է գտնել լուծումներ: Մեր երեխաները, բարեկամները և ոչ բարեկամները հետևելու են, թե ինչպես է Հայաստանը դուրս գալիս այս իրավիճակից։ Եթե նա դուրս գա արժանապատվորեն, միասնական, այդ դեպքում կարող ենք ասել, որ մենք ուժեղ ազգ ենք»։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Բանակցությունները, որոնք այսօր ընթանում են այստեղ, թույլ են տալիս դիտարկել մեր կապերի բոլոր ոլորտները և պայմանավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես դրանք խորացնել, ինչպես ավելի արդյունավետ դարձնել նախ և առաջ մեր քաղաքացիների համար։

Երախտապարտ ենք, և նախագահ Պուտինը խնդրել է անձամբ Ձեզ փոխանցել իր շնորհակալությունն այն գնահատանքի համար, որ հայտնել եք Դուք և Հայաստանի քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ կապված նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ, որն ընդունվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից։ Ինչպես ասացիք, դա թույլ տվեց կանգնեցնել պատերազմը: Հրադադարն առաջին անգամ, այդքան պայմանավորվածություններից հետո, իսկապես գործում է, քանի որ կա կրակի դադարեցման դիտարկման մեխանիզմ. դա Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունն է, խաղաղապահ գործողությունների իրականացումն է՝ նրանք արդեն կատարում են իրենց գործողությունները՝ ինչպես ապահովելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելով։ Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։ Մենք այս հարցում ակտիվորեն ներգրավում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ վաղուց աշխատում է Կարմիր խաչը, նաև ՄԱԿ-ի կազմակերպությունները»։

Հանրապետության նախագահն ու ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգի այլ հարցերի: 

Կարդացեք նաեվ

Դեպի Երևան ու Երևանից սպասվող թռիչքների մասին

Gayane Abovyan

Շուշիի քաղաքում եւ մերձակայքում մարտեր են գնում. Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

ՌԴ-ն պատրաստ է իրականացնել իր դաշնակցային պարտավորությունները ՀՀ-ի առջև. Պուտին

Gayane Abovyan

Քննադատողներ, իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նման բան բարձրաձայնել… կարծում եք` չեն գրում ու գոռում, ուրեմն…Վազգեն Սարգսյանի զարմուհու կոշտ պատասխանը

Gayane Abovyan

Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Gayane Abovyan

Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները

Gayane Abovyan